четверг, 22 марта 2012 г.

«Եղնիկներում» կռված կին-ՏՂԱՄԱՐԴԻԿ


Լուսանկարը` Հակոբ Պողոսյանի
«Նստել եմ ուղղաթիռ, բարձրացել է, նոր էնտեղ հիշում եմ, որ ուղղաթիռից նայեցի ներքեւ, պապան խփեց ոտքերին: Մինչեւ էդ գիտեին` ես կատակ եմ անում իրենց հետ: Եղբայրս էլ շշմած կանգնել էր, չգիտեր` ինչ աներ»: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Մելսիդա Հարությունյանի հարազատների մտքով չէր անցնում, որ նա կարող է գնալ Արցախ, այն էլ` պատերազմական գործողությունների թեժ կետեր:
Մելսիդան որպես բուժքույր է գնացել ռազմաճակատ, բայց հենց սկզբից ուզել է առաջին գծում լինել: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի պայքարել Շահումյանում` ադրբեջանցիների թիկունքում:

Մելսիդա Հարությունյանը ծնվել է 1959 թ. Արարատի մարզի Վերին Վեդի ավանում: 1976-ին ավարտել է Հաղթանակ գյուղի N113 միջնակարգ դպրոցը: Ապա ավարտել է Հաշվապահական տեխնիկումը, աշխատել է Երեւանի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ հաշվապահ, ընդհանուր բաժնի պետ:
1986 թ. ազգությամբ ռուս ամուսնու հետ գնացել է Ռուսաստան: 1991-ին` պատերազմական գործողությունների ժամանակ, Մելսիդան վերադարձել է Հայաստան:
§ºÕÝÇÏÝ»ñ¦ 26 ¹Çñù
Առաջին անգամ 1991 թ. հոկտեմբերին նա կամավորականների ջոկատի հետ գնացել է Արցախի Շոշ գյուղ: Շոշում ձյուն էր: Մելսիդան ծանր վիրավորին տարել է գյուղի գոմ: Ադրբեջանցիները հարձակվել են, նրանց կրակոցներից գոմի տանիքը փլվել է, ու Մելսիդան վիրավորի հետ 2 օր մենակ է մնացել փուլ եկած գոմում: Նա ադրբեջանցիների խոսակցություն է լսել ու լռել: «Բախտս բերել է, որ թուրքերը չեն մտել էդտեղ: Վիրավորը, արնաքամ եղած, մահացել է»,- պատմում է Մելսիդան: Նրան ազատամարտիկներն են հանել գոմից:
1992 թ. մարտին Մելսիդան ջոկատի հետ գնացել է Ստեփանակերտ, ներկայացել Կոմանդոսին (Արկադի Տեր-Թադեւոսյան): «Կոմանդոսն ասում է. «Գնացեք Ստեփանակերտ, կօգնեք հոսպիտալում»: Ես լացում էի, ասում էի. «Առաջին գիծ եմ ուզում, ամենաթեժ կետը, ես եկել եմ, ինչ է, հոսպիտալի՞ համար»: Էն բանը, որ ես տեսել էի արդեն Շոշում, իմ մեջ արթնացավ անկախ ինձանից: Կոմանդոսն ասեց. «Չե՞ս վախենում, բա որ հանկարծ թուրքերը բռնեն քեզ, գերի ընկնես, ի՞նչ ես անելու»: Ասի. «Ես գերի չեմ ընկնի, ես ինձ կսպանեմ»: Բայց էդ օրը ինքը ուղարկեց հոսպիտալ»,- պատմում է Մելսիդան:
Նա բուժքույրություն անտառում է սովորել: Միայն առաջին անգամ, հոսպիտալում վիրահատություն տեսնելով, Մելսիդան վատ է զգացել: Դրանից հետո ինքն է դաշտում վիրահատություններ արել` բեկորներ հանել: Անգամ ձեռնոց չի հագել, որ ժամանակ չկորցնի:
Մելսիդան մեկ այլ բուժքույր-ազատամարտիկի` Աղավնի Սահակյանի հետ եղել է 26-րդ գումարտակում, որը 26-ի Յուրայի (Յուրա Հովհաննիսյան) հրամանատարությամբ կռվում էր Շուշիի մոտ ու պաշտպանում Ստեփանակերտը: «Յուրան ասեց. «Սպասի, 2 ժամից հետո փախնելու են էստեղից»: Ասի. «2 օր էլ լինի, չեմ փախնի»»,- հիշում է Մելսիդան: Անընդհատ թեժ մարտեր էին լինում: Մելսիդան եւ Աղավնին մարտի դաշտից հանում էին վիրավորներին ու տանում 1 կմ հեռավորությամբ տեղակայված դաշտային հոսպիտալ:
Շուշիի, Լաչինի ազատագրման մարտերից հետո Կոմանդոսը Մելսիդային եւ այլ ազատամարտիկների ուղարկել է Մարտակերտ, քանի որ այդտեղ վիճակը ծանր էր: Մելսիդան հիշում է, որ 92-ի մայիսին Լենինավանի ճանապարհին, «3-րդ սովխոզ» կոչվող տարածքի առաջին գծում` խրամատում, 8 հոգով էին: Թշնամին այնքան ինտենսիվ էր կրակում, որ խրամատից գլուխը հանել հնարավոր չէր:
Տանկերից եկող արկերը թմբեր էին առաջացնում հողի վրա: Երբ ջոկատի հրամանատար, մարտակերտցի Գիրոն (Գրիգորի Միրզոյան) հեռադիտակով տեսել է, որ թշնամիները լցվում են տարածք, դուրս է եկել խրամատից եւ հրամայել, որ ժապավեն հասցնեն իր ետեւից:
Խրամատում եղած ազատամարտիկներից միայն Մելսիդան է համարձակվել դուրս գալ խրամատից. վերցրել է զենքը, բժշկական պայուսակը, վզին գցել ժապավեններ, նռնակներ ու վազել հրամանատարի կողմը: «Ճիշտն ասած, ես սովորություն ունեի` մի հատ խաչակնքում էի, ասում էի. «Տեր Աստված, դու` իմ կողմից: Մենակ գերի չընկնեմ թուրքին, մեկ էլ` մամաս իմ դիակը չտեսնի»: Ասում էի ու գնում էի` անկախ ինձանից»,- ասում է Մելսիդան:
Նա վազել է հրամանատար Գիրոյի հետեւից, արկի ձայն լսել, թաքնվել թմբի ետեւում, հետո գլուխը բարձրացրել ու տեսել, որ դիմացը` մոտ 300 մ հեռավորության վրա, տանկ է կանգնած: Տանկի վրա 6 ադրբեջանցի կար, մեկը հեռադիտակով շուրջն էր նայում:
Մելսիդան կրակել է եւ 10 տարի հետո հրամանատար Գիրոյի պատմածով իմացել, որ թշնամիներից 6-ին էլ ոչնչացրել է: Տանկիստը նկատել է Մելսիդային ու տանկի փողը կամաց-կամաց շրջել նրա ուղղությամբ: Մելսիդան հասցրել է դուրս գալ թմբի ետեւից, կռացած վազել Գիրոյի կողմը: Ադրբեջանական տանկի կրակոցներից առաջացած ալիքը շպրտել է Մելսիդային. նա կոնտուզիա է ստացել: «Գիրոն է տեսել, որ ալիքը ինձ շպրտել է, իմացել է` տանկը խփեց ինձ: Ինքն է ասել, որ զոհվել է Մելսիդան»,- ասում է Մելսիդան:
Նա մինչեւ հիմա հիշում է, որ այդ օրը խրամատում 18 տարեկան մի մարտակերտցի տղա կար` Արթուր անունով, որը վախենում էր խրամատից դուրս գալ: Երբ նա տեսել է, որ Մելսիդան վազում է, դուրս է եկել խրամատից: «Գոռում եմ. «Հետ գնա, հետ գնա, տանկը խփում է»: Չլսեց»,- հիշում է Մելսիդան: Արկը Արթուրի կողքին էր ընկել: Մելսիդան լաց է եղել, երբ իրենք լուսադեմին հրաման են ստացել դուրս գալ ազատագրված դիրքերից ու նահանջել:

Մարտակերտի կռիվներից հետո պետք էր Շահումյանի տղաներին օգնել: Մելսիդան նորից ասել է, որ «առաջինն իրեն գրեն»: 1993-ին նա «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ջոկատի հետ մեկնել է Շահումյան եւ մոտ 1,5 տարի մնացել այնտեղ` Սերգեյ Չալյանի հրամանատարությամբ գործող, Շահեն Մեղրյանի անվ. պարտիզանական հատուկ նշանակության ջոկատում` «Եղնիկներում»: Մելսիդան եւ հետախուզության է գնացել, եւ մասնակցել մարտերին, եւ օգնել վիրավորներին:
Մռավ սարի տակ, երբ Մելսիդան վիրակապում էր իր համագյուղացի մի ազատամարտիկի, թշնամին սկսել է կրակել ԱԳՍ տիպի զենքից: Մելսիդան մարմնով փակել է վիրավորին ու փրկել նրան, բայց ինքն է վիրավորվել: Ազատամարտիկ Բատյայի (Սուքիաս Աբրահամյան) աճյունը դուրս բերելու համար Մելսիդան 1,5 ժամ մենակ է կռվել:
«Դե, տանկն էլ գալիս է, արդեն զգացվում է, որ շատ մոտ է: Կրակում են, բայց ես գլոր եմ տալիս էս կողմ` թմբի հետեւ, գլոր եմ տալիս էն կողմ: Մոմենտ եմ ուզում, որ պաշտպանեմ ինձ, ես կարողանամ մոտենամ, դիակը հանեմ: Թե չէ թուրքերը, արդեն շրջափակած, մոտենում են «Եղնիկներին»` մեր տերիտորիային, մարտը ինձ վրա եմ վերցրել: Ժորա կար բանգլադեշցի (մեզ հետ էր): Աղվանը Ժորային է ուղարկում, թե «կյանքի գնով հանում ես Մելսիդային, կարող եք` Բատյային էլ հանեք»: Ժորան որ եկավ, սկսեց կրակել: Եթե Աղվանը Ժորային չուղարկեր իմ հետեւից, ես էնտեղից դուրս չէի գա: Ես մնալու էի, որ դիակը հանեի. կկարողանայի` կհանեի, չէ` նռնակը կտրաքացնեի»,- ասում է Մելսիդան:
Նրա կարծիքով` վախից է, երբ մարդ արդեն ուզում է ձեռք բարձրացնել իր վրա: Սակայն, ինքն ամենից շատ վախեցել է նրանից, որ զոհը կամ վիրավորը կարող է մնալ թշնամու մոտ: «Երբ զգում ես` զոհին պիտի հանես, արդեն վախը մոռանում ես: Ուշադրությունդ էն է, որ պիտի հանես, ու վերջ: Ես զոհվելուց չեմ վախեցել: Գնդակը չի նայում: Ոչ էլ եսիմ ինչ ուժի տեր մարդ եմ եղել, որ գնդակը չի կպել ինձ, կամ էդքան կպել է` չեմ մահացել: Ուղղակի հարցը նա է, որ բախտի բերմամբ եմ ես ողջ մնացել` էսքան վիրավորվելով: Կարող է` ճակատիս գրված է եղել` էլի պարտականություն ունեմ ես»,- ասաց ազատամարտիկը:
Մելսիդա Հարությունյանը պարգեւատրվել է պատվոգրերով, «Մարտական ծառայություն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, իսկ իր «Մարտական խաչը» համարում է այն վիրավորներին, ովքեր ողջ են մնացել: 7 տարի առաջ Մելսիդան կապիտանի կոչում է ստացել:
Պատերազմից հետո Մելսիդան գնացել է Ռուսաստան` ամուսնու մոտ, եւ բուժվել ստացած վնասվածքներից: Նորից է սկսել գլխավոր հաշվապահ աշխատել` բժշկական ծախսերը հոգալու համար:
98-ին` ամուսնու մահից հետո, Մելսիդան վերադարձել է Հայաստան, աշխատանքի անցել Քանաքեռի զորամասում` որպես ֆինանսական ծառայության պետ: 2001-2009-ին էլ Մելսիդան Արցախում է աշխատել` որպես Մարտակերտի ընդհանուր դիվիզիայի գլխավոր հաշվապահ:
Հիմա Մելսիդան չի աշխատում: 11 ամիս է` թոշակի է անցել, ստանում է 54.700 դրամ թոշակ: Թոշակը նշանակելիս հաշվի չեն առել պատերազմի դաշտում անցկացրած նրա 4 տարիները, քանի որ պատերազմի տարիների փաստաթղթերն ամփոփող արխիվն այրվել է:
Թոշակի անցնելուց հետո Մելսիդան ռեստորանում ափսե է լվացել, նմանատիպ այլ աշխատանքներ արել: «Ինձ համար ամեն աշխատանք էլ հարգի է: Ես չեմ ամաչել: Ես տուն եմ պահում, ծնողներ ունեմ»,- ասաց Մելսիդան:
Քանի որ նա 11 տարի ծառայել է զինված ուժերում, նրան պետությունը պետք է գումար տա բնակարան գնելու համար, սակայն ասել են, որ փող չկա:«Ես արդեն հույսս կտրել եմ: Գոնե մի անկյուն ունենամ, իմ մարտական ընկերները հավաքվեն իմ անկյունում»,- ասում է ազատամարտիկը: Նա ապրում է հոր եւ եղբոր տանը:
Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրավորվել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կա: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկի մարմնում: Տեսողությունը եւս վատացել է: Աչքերի վիրահատության համար եւս Մելսիդան որեւէ աջակցություն չի ստանում պետությունից եւ ծրագրում է աշխատանքի անցնելուց հետո ինքը վճարել աչքերի բուժման համար:
«Եթե պատերազմ սկսվի, նորից կգնա՞ք» հարցին նա պատասխանեց. «Հիմա էլ եմ պատրաստ գնամ: Էլի էն խենթ ու խելառ մշեցու արյունն է իմ մեջ»:

Հոդվածը վերցված է «Հետք» կայքից:


1 комментарий:

  1. Անձամբ` ծառայության բերումով, ճանաչել եմ, ափսոս,որ այդ գնահատականին է արժանացել..., ափսոս

    ОтветитьУдалить