Չնայած Գեւորգի ընկերուհին դեռ մեկ տարի ունի մինչ ուսման ավարտը, բայց նրա ծնողները որոշել են աղջկան Հայաստանից դուրս բերել, տանել Ռուսաստանի Դաշնություն: Ծնողները չեն ուզում, որ աղջիկը հանդիպի կամ ամուսնանա հայրենիքի սահմանը պաշտպանելու համար իր թեւից զրկված եւ հաշմանդամ դարձած երիտասարդի հետ: Իր սիրելիի հետ Գեւորգը ծանոթացել է հիվանդանոցում` թեւը կտրելուց հետո, երբ բուժում է ստացել Միքայելյանի անվան հիվանդանոցում, իսկ աղջիկը բժշկական ուսումնարանի ուսանողների հետ պրակտիկա է անցել նույն հիվանդանոցում:
2010 թ. լույս հուլիսի 13-ի գիշերը` 02:30-ին, 19-ամյա Գեւորգ Մովսիսյանը Արցախի «Եղնիկներ» կոչվող սահմանային N զորամասի խրամատի դիտակետից ոտնաձայներ է լսել: Նույն ձայները լսել է նաեւ խրամատի մյուս ծայրում կանգնած ընկերը: Գեւորգը գլուխը դուրս է հանել խրամատի բջիջից (յաչեյկա) ու լույս է նկատել: Զգուշացրել է խրամատի ընկերոջը, զենքը լիցքավորել ու խրամատով առաջացել դեպի լույսի կողմը:
Զենքի լիցքավորման պահին մեկ անգամ էլ է լույսը վառվել: Գեւորգը կրակելով առաջ է գնացել մինչեւ խրամատի մյուս բջիջը: «Հենց հասնում եմ էդ յաչեյկի կողը եւ արդեն պետք ա ֆռամ, աջ ձեռքիս վիճակը այ էս դիրքում էր (ցույց է տալիս զենքը բռնելու ժամանակ աջ թեւի դիրքը-հեղ.), համ միանգամից բոց եմ տեսնում, կրակ, համ ձեռքս միանգամից տաքանում է: Ու ինձ ոնց որ ահավոր շպրտի, սենց գամ ու հենվեմ հողից պատին, ու տենց սկսում եմ ահավոր գոռալ: Հետո ընկերս ա գալիս գոռալով, իրա զենքով էնքան է կրակում, իրա փամփուշտները վերջանում ա, իմ զենքն է վերցնում: Էդ ժամանակ արդեն դիրքի մնացած անձնակազմն է գալիս, ու սկսում են կրակել»,- հիշում է Գեւորգը:
Գեւորգի զինակից ընկերը չի վիրավորվել, իսկ հակառակորդն այդ օրը երկու զոհ է տվել եւ մեկ վիրավոր: Գեւորգն այդ ընթացքում գիտակցությունը չի կորցրել եւ հիշում է ամեն ինչ. «Մի քիչ ինձ պահում եմ, էլ չեմ կարողանում, վիրավոր ձեռքիս վրա ընկնում եմ: Դիրքից որ սաղ գալիս են, երկու հոգի ինձ են փորձում տանել, մնացածը կրակում է, էլ չեմ իմանում` ուր են կրակում, ինչ են անում, էնքան որ պառկած եմ, ահավոր ցավ ա, ու եռում ա ձեռքս: Բատարեով լույսը քցում են վրես, սաղ արյունը հոսալով էթում էր յեքա տարածության վրա»:
Գեւորգին դիրք են տեղափոխել, եկել է շտապօգնության ավտոմեքենան եւ նրան տեղափոխել Ալաշանի հոսպիտալ, երեկոյան` Ստեփանակերտ, այնտեղից արդեն Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երիտասարդին ուղղաթիռով հասցրել է Երեւան, բայց արդեն բավականին ուշացրել են, եւ հավանական է` ուշացման պատճառով է, որ Գեւորգի թեւը հետո փրկել չեն կարողացել: Գեւորգը շուրջ 10 օր կոմայի մեջ է եղել:
Հիվանդանոցում ապաքինումը տեւել է մոտ 2,5 ամիս: Գեւորգը դեռ 8 ամիս էր ծառայել, դեպքից հետո նրան զորացրել են: Այդ օրվա մանրամասները հիշելիս Գեւորգը շատ հանգիստ է պահում իրեն, միայն ժամանակ առ ժամանակ դեմքի մկանների ջղաձգումն է մատնում նրա ներքին հոգեվիճակը:
Դեպքի մասին Գեւորգի մայրը` Անժելա Մովսիսյանը, տեղեկացել է մոտ մեկ շաբաթ անց: Հաշվի առնելով Գեւորգի մոր սիրտ-անոթային հիվանդությունը` հարազատներն անմիջապես նրան չեն ասել կատարվածի մասին: Երբ Անժելա Մովսիսյանը գնացել է հիվանդանոց, Գեւորգի ձեռքը դեռ չէին կտրել, եւ որդին իրեն լավ էր զգում:
«Ինձ ասեց` մամ, կարա՞ս քո ձեռքով տնական մսով ճաշ եփես: Ասեցի` կեփեմ: Եփեցի տարա, կոտլետ էլ էր ուզել, դա էլ կերավ ու հետո վատացավ: Բժիշկները կարծեցին, թե խորոված եմ տարել, կերել թունավորվել է: Առավոտյան, երբ նորից գնացինք հիվանդանոց, բժիշկներն ասացին, որ նորից վիրահատում են, բայց իրանք էլ չգիտեին, որ հնարավոր է` թեւը կտրեն»,- արցունքն աչքերին պատմում էր Գեւորգի մայրը: Նա պատուհանի վարագույրի արանքից նայում էր դուրս, որպեսզի որդին ներս մտնելիս իրեն թաց աչքերով չտեսնի:
Բժիշկներն ասել են, որ Գեւորգը դեռ 2 տարի ցավեր կզգա: «Սիրտս փուլ ա գալիս, մեկ-մեկ Գեւորգս ասում ա` մամ, ոնց որ զգամ մատներս, ուրախանում է, բայց հետո սառում. ո՞նց պիտի զգա, որ ձեռք չունի»,- ավելացնում է Անժելան:
Մայրը զարմանում է, որ դեռ 20 տարին չլրացած տղան իրեն շատ ուժեղ է պահում եւ երբեք չի կոտրվում: Երբ վիրահատությունից հետո Գեւորգն արթնացել է, նրան արհեստական շնչառություն է միացրած եղել եւ խոսել չի կարողացել: Անմիջապես զգացել է աջ ձեռքի բացակայությունը, բայց իրեն չի կորցրել, ցույց է տվել ձախ ձեռքի բթամատը` ի նշան այն բանի, որ ամեն ինչ լավ է:
Գեւորգի ձեռքը փրկելու համար բժիշկները նրա ոտքից երակ են կտրել, որպեսզի տեղադրեն ձեռքին, բայց արյունն արդեն վարակված է եղել, ձեռքը փրկել չի հաջողվել: Հիմա Գեւորգի ոտքը ցավում է, երբ փոքր-ինչ շատ է քայլում կամ ծանրաբեռնում: «Ընդհանրապես նման չեմ առաջվան, ամեն ինչով տարբեր եմ, համ կներվայնանամ, համ շատ չեմ կարում քայլեմ,- ասում է Գեւորգը` հայացքը գետնին, ապա ավելացնում,- պապայիս քեռին էլ պատերազմում վիրավորվել էր, աջ ձեռքը չկար, ոտքից երակ էին հանել, մոտ մի 10 տարի հետո էդ ոտքը կտրեցին»: Բժիշկները խորհուրդ են տվել քիչ քայլել եւ չծխել: Բայց Գեւորգը նյարդայնանալուց սկսել է ծխել:
Գեւորգի համար պրոթեզ են սարքել, բայց նա չի կարողանում արհեստական ձեռքից օգտվել, ծանր ու օտար է իր համար: Պրոթեզից օգտվում է միայն Երեւան գնալիս, այն էլ` ոչ երկար ժամանակով:
Գեւորգը չի ուզում իրեն «ոչ պիտանի» զգալ. այս տարի նա ուսանող է
Հոկտեմբերի 25-ին կլրանա Գեւորգ Մովսիսյանի 20-ամյակը: Նա իր ընտանիքի հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Տրետուք գյուղում: Մովսիսյանների ընտանիքը Կիրովաբադից է տեղափոխվել Հայաստան 1990 թվականին: Տունը, որտեղ ապրում են, վթարային է: Այն նույնիսկ իրենց սեփականությունը չէ: Պարզապես ազատ է եղել, երբ եկել են, եւ գյուղապետարանը թույլ է տվել Մովսիսյաններին ապրել այդտեղ: Անասուն չունեն, չկան նաեւ կոմունալ հարմարություններ: Տան մոտ մի կտոր հող ունեն, որտեղ էլ կարտոֆիլ են ցանում:
Գեւորգի եղբայրը` Ալբերտը, նույնպես ցանկանում է պայմանագրային զինծառայող աշխատել, այլ աշխատանք չկա: 3 ամիս առաջ փաստաթղթերն ուղարկել է զինկոմիսարիատ, բայց որոշ ժամանակ հետ են եկել: «Վարդենիսի զինկոմիսարիատը ուշացրել է փաստաթղթերի հանձնումը, դրա համար էլ չեն ընդունել: Գնում հարցնում ենք զինկոմիսարիատից, ասում են` թղթերն ուղարկել ենք կորպուս, կորպուսից էլ ասում են` ուղարկել ենք նախարարություն, բայց արդյունքում մի քանի օր անց թղթերը հետ են գալիս, թե ժամկետը բաց եք թողել»,- նշում է Անժելան:
Այժմ Ալբերտը նոր փաստաթղթեր է պատրաստում, որ դարձյալ ներկայացնի զինկոմիսարիատ: Իսկ մինչ այդ Ալբերտը օրավարձով խոտի տուկեր է բարձում, կարտոֆիլ հավաքում, որ ընտանիքը կարողանա ապրել: Աշխատում է միայն Գեւորգի հայրը` Արթուր Մովսիսյանը: Նա պայմանագրային զինծառայող է:
Նախկինում ֆիզիկապես ուժեղ եւ ընտանիքին ձեռք մեկնող Գեւորգն այժմ սրտնեղում է, որ չի կարողանում աշխատել եւ օգնել հարազատներին: Մայրն ասում է, որ որդին միշտ էլ աշխատասեր է եղել, բայց հիմա ֆիզիկական աշխատանքով նրան ծանրաբեռնել չի կարելի: Գեւորգը ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ, որ լավ աշխատանք ունենա: Նա որոշել է հաշվապահություն սովորել: Փաստաթղթերը ներկայացրել է Երեւանի պետական ագրարային համալսարան, բայց այստեղ ասել են, որ հնարավոր չէ ապահովել Գեւորգի անվճար ուսուցումը, կարող են միայն 50 տոկոսով զեղչել վարձավճարը: Այդ 50 տոկոսն էլ մեծ գումար է ընտանիքի համար, եւ Գեւորգը ստիպված ընդունվել է Վարդենիսի քոլեջ, որտեղ ուսումն իր համար անվճար է:
Նա ուզում է զուգահեռ աշխատել, որպեսզի օգնի ընտանիքին: Պաշտպանության նախարարությունից խոստացել են Գեւորգի համար որեւէ աշխատանք գտնել, բայց դեռ ոչինչ չեն առաջարկել: «Երեւի պետք է շատ գնամ-գամ,- ասում է Գեւորգը,- ես սովոր չեմ խնդրել, եթե հարցնում են, իմ ցանկությունն ասում եմ»:
Գեւորգն ասում է, որ եթե զորամասում համակարգչի հետ կապված որեւէ գործ լինի, սիրով կաշխատի, առավել եւս փոքրուց սիրել է զինվորականի գործը, նույնիսկ ցանկություն ուներ բանակից հետո շարունակել ծառայությունը: Բայց նախարարությունից դեռ միայն խոստումներ է լսել:
Տիկին Անժելան ասում է, որ որդու դեղորայքը, վիրահատություններն անվճար են եղել, միայն դա է եղել պաշտպանության նախարարության օգնությունը: Իսկ պետության օգնությունն այն է, որ Գեւորգն ամսական 30.500 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում: Այդ թոշակն էլ անմիջապես չեն տվել: Տիկին Անժելայի խոսքերով` դեպքից մոտ մեկ տարի անց են կարողացել թոշակի թղթերը ձեւակերպել: Մեկ Գեւորգի զինվորական գրքույկն են զինկոմիսարիատից ուշացրել, մեկ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետն է լրացել, ու թղթերը չեն ընդունել: Եվ այսպես մեկ տարի:
Այնուամենայնիվ, տիկին Անժելան Աստծուց գոհ է, որ որդին ողջ է: Գեւորգի ուժեղ կամային հատկանիշների եւ նրա լավատեսության շնորհիվ մոր սիրտը «չի ճաքում»: Գեւորգն էլ չի հուսահատվում իր նկատմամբ ցուցաբերած անտարբերությունից, ասում է` եթե պետք լինի, պատրաստ է կյանքն էլ տալ հայրենիքի համար, բայց երբ ընկերուհու մասին հարց ես տալիս, գլուխը կախում է:
Комментариев нет:
Отправить комментарий