понедельник, 12 марта 2012 г.

Մեղրյանը հունվարի 2-ին կդառնար 60 տարեկան


Արցախյան ազատագրական պայքարի հայտնի գործիչ, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, հակառակորդի թիկունքում ծավալված պարտիզանական շարժման առաջնորդ Շահեն Զինավորի Մեղրյանը հունվարի 2-ին կդառնար 60 տարեկան։
Նրա սխրանքներով իմաստավորված կյանքի թելը կտրվեց 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ հայրենի եզերքի երկնակամարում խոցվեց այն ուղղաթիռը, որով նա հերթական անգամ վերադառնում էր մշտական տեղակայման վայր՝ իր գլխավորած պարտիզանական ջոկատի համար կազմակերպական հարցեր լուծելու նպատակով։ 

1975-ին ավարտելով Երևանի պետական համալսարանը, նա մի շարք պատասխանատու պաշտոններ է ստանձնել հայրենի Շահումյանի շրջանում։ Մասնավորապես, 1981-1988 թթ. եղել է Շահումյանի պահածոների գործարանի տնօրեն, Արցախյան շարժման տարիներին՝1988-1991-ին՝ Շահումյանի շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թթ.՝ շրջգործկոմի նախագահ ու կուսշրջկոմի առաջին քարտուղար։ Կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմավորել և հանդիսեցել շրջանի ինքնապաշտպանության փաստացի ղեկավարը։ Կապ է ունեցել Արցախյան շարժման ՀՀ և ԼՂՀ գործիչների հետ, հարկ եղած դեպքում բողոքի հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին և ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։ 1998 թ. հունվարի 8-ին Մեղրյանը և շրջանի ողջ ղեկավարությունը պատանդ են վերցվել Մարտունաշեն գյուղի մոտ, երբ շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանված մարտունաշենցի պահակի հուղարկավորությանը։ Հայ մարտիկների կողմից ձեռնարկված հանդուգն գործողությունների արդյունքում ադրբեջանցիները ստիպված էին համաձայնվել պատենդների փոխանակությանը, որը և տեղի ունեցավ հունվարի 18-ին։ Շահեն Մեղրյանի ստեղծած ինքնապաշտպանական ջոկատը 1990 թ. հունվարին՝ Բաքվի ջարդերի օրերին,  ընդհարվել է Մարտունաշենի բնակչությանը տեղահանել փորձող ադրբեջանական ՄՀՆՋ-ի հետ և հետ շպրտել հակառակորդին գյուղի սահմաններից։ 1991 թ. սեպտեմբերին Շ. Մեղրյանի հրամանատարությամբ ազատագրվել են <<Օղակ>> ռազմագործողության հետևանքով նույն տարվա հուլիսին բռնազավթված Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը։ 

1992 թ . հունիսի 14-ին, հայրենի Գյուլիստանի կորստից հետո, Շ. Մեղրյանը կազմակերպել է պարտիզանական ջոկատ և Արցախի հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի ազատագրական մարտերին, այդ թվում՝ Սարսանգի հիդրոհանգույցի այն ռազմական գործողությանը, որտեղ ջախջախվել ու փախուստի էր մատնվել ադրբեջանական բանակի Գերանբոյի զորամասը։ 
Հակառակորդի կողմից զավթված Շահումյանի շրջանում ադրբեջանցի զավթիչները քուն ու դադար չեն ունեցել իրենց հայրենի եզերքում պարտիզանական պայքար ծավալած շահումյանցիների հանկարծակի ու համարձակ գործողություններից։ Հենց այդպիսի գործողություններով են Շ. Մեղրյանի տղաները նպաստել ազատագրական բազմաթիվ գործողությունների հաջողությանը նաև հրամանատարի զոհվելուց հետո։ 
Շ. Մեղրյանը զոհվեց՝ հայրենի Շահումյանի շրջանը ազատագրելու վճռականությունն ու համոզմունքը սրտում. այդ միտքը երբեք էլ նրան չի լքել  պայքարով հարուստ կյանքի ընթացքում։ 
Նրա գործի ու գաղափարների շարունակողները, վստահ ենք, մի օր իրականացնելու են հայրենիքի նվիրյալի երազանքը և նրա ազատատենչ հոգին որպես արծիվ թևածելու է Գյուլիստանի ու ամբողջ Հյուսիսային Արցախի լեռներում…


Մ. ԱՀՅԱՆ

Հոդվածը վերցված է «Նոր Շահումեան» պաշտօնաթերթի էլեկտրոնային էջից

Комментариев нет:

Отправить комментарий