Վարդուտի (Գյուլիստանի) բերդն Արցախի Խաչեն գավառի նշանավոր բերդերից մեկն էր, եղել է Գյուլիստանի մելիքության վարչական և ռազմական կենտրոնը:
Տեղակայված է անտառապատ, սեպաձև ժայռի գագաթին: ԻՆջա գետն արևմուտքից, հյուսիսից, մասամբ արևելքից շրջապատում է բերդասարը` նրան թերակղզու տեսք տալով: Միակ քիչ թե շատ մատչելի կողմը հարավայինն է: Բնական պաշտպանական հարմարություններին ավելացվել է բարձր, բուրգերով հզորացված, իսկ հարավակողմում` կրկնակի բերդապարիսպը, և ժայռը դարձել է անառիկ ամրոց: Բերդի պարիսպների առաջին շարքը ձգվում էր լեռան գրեթե կեսով, երկրորդը` գագաթով: ԲԵրդի երկարությունը մոտ 230 մ է, միջին լայնությունը` 20 մ: Պարիսպի հաստությունը 80-150 սմ է: Բերդն ունեցել է երկու մուտք` հարավում և հյուսիսում, որոնցից գլխավորը եղել է առաջինը: Ունեցել է գաղտնուղի: Վերանորոգել է մելիք Բեգլար Ա-ն 1633թ.:
Պարիսպի ներսումպահպանվել են հին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակներ: Բերդի միջնաբերդ-ապարանքը գտնվում է ամրոցի արևմտյան կողմում, ժայռազանգվածի անկնման եզրին գոյացած բարձրադիր ու նեղ դարավանդի վրա: Հատակագիծն արևելքից արևմուտք ձգված կողմերով սեղանի տեսք ունի: Երկայնական պատերին կից ուղղանկյուն դահլիճները գոյացնում են միջանցք: Ապարանքի բաղկացուցիչ մասն է կազմում համակառույցի աջ կողմում կցված գլխատունը, որի մոտ բերդապարիսպի բեկման տեղն ամրացված է սնամեջ բուրգով, որը, եզրափակելով միջնաբերդի կառուցապատումը հյուսիս-արևելքից, միաժամանակ իր կրկնակի կամարամուտքով ապարանքի ամենահարմար ու ապահով կապն է դրսի հետ : Ապարանքը կառուցված է եղել կոպտատաշ քարով, պատուհանների, դարպասների մասում` սրբատաշ քարերով:
Միջնադարում եղել է Գյուլիստանի մելիքության կենտրոնը, հիմնական պաշտպանական ամրությունը: 1729-1731թթ. Աբրահամ Սպարապետի գլխավորությամբ դարձել էր Արցախում հայ ազատագրական շարժման կենտրոնը:
Երկրորդ փոքր ապարանքը հարավային լանջի ստորոտում է, դեպի հարավային մուտքը տանող ճանապարհին: Այն ուղղանկյուն հատակագծով քառաբուրգ կառույց է`18.4x23.0 մ չափսերով, բաղկացած բակից և արևելյան կողմից պարսպի ողջ երկայնքով կառուցված երեք հավասարաթռիչք բաժիններից: Պահպանվել է միայն բրգավոր պարիսպը:
Գյուլիստանից հարավ, լեռներից մեկի գագաթի հարթակի վրա պահպանվել են ոչ մեծ դղյակի ավերակներ: Այն ունեցել է քառակուսի հատակագիծ, պարսպի անկյունները հզորացված են եղել աշտարակներով, մուտքը հյուսիսային կողմից էր: Չափսերն են` 7.5x7.0 մ, պարսպի բարձրությունը` 4.5 մ, հաստությունը` 1.28 մ: Դղյակի շուրջը լքված բնակավայրի ավերակներն են:
Բերդը գտվում է խիստ զառիթափ լանջերով բարձունքի վրա, որը երեք կողմից շրջանցում է գետը: Միակ մոտեցման տեղը զառիթափ բաց լանջն է, որտեղից նույնպես մոտենալը շատ դժվար է: Աշխարհագրական դիրքի ճիշտ օգտագործումը բերդը դարձնում է անառիկ:
Պարսպապատերը շարված են կիսամշակ և անկանոն քարերից, բարձր որակի կրաշաղխով և ունեն մինչև 120 սմ հաստություն: Պատերը տեղ-տեղ ձուլվում են բնական ժայռերի հետ` ստեղծելով մի ամբողջություն:
![]() |
| Նկարը` Վարդան Հակոբյանի |
Հրազենի օգտագործման համար պարսպապատերում թողնված են տարբեր ուղղություններով տարբեր բարձրության վրա անցքեր: Բերդն ունի պատկառելի չափսեր: Կան զորանոցներ, զինանոցներ, պահեստներ, բազմաթիվ սենյակներ, մեկ և երկհարկանի տներ, ջրավազան և այլն: Ունի գետնուղի, որը հասնում է մինչև գետ: Սարի ստորոտում կան մի շարք շենքերի ավերակներ, դարբնոց և ջրաղաց` կիսաքանդ վիճակում:
![]() |
| Նկարը` Վարդան Հակոբյանի |




Комментариев нет:
Отправить комментарий