понедельник, 7 октября 2013 г.

Դիրքերն է՛լ ավելի հեռու են:

Ժամկետային զինծառայող եղբորս այցելության ժամանակ բավականին հետաքրքիր տեղեկություններ իմացա Տոնաշեն գյուղում տեղակայված «Եղնիկներ» պայմանական անունը կրող զորամասի մասին: Տոնաշենի զորամասը ռազմավարական նշանակության դիրքեր է պահում:
Զորամասի հիմնական ստորաբաժանումները տեղակայված են գյուղից ու իրարից բավականաչափ հեռու և միմյանցից կտրված են տեղանքի լեռնային ու անտառապատ հատվածներով: Դիրքերն է՛լ ավելի հեռու են:
Ըմբռնող մարդն այդ հրաշքի գիրկն ընկնելով ակամա կհասկանա, որ այստեղ ոչնչից կարող է բան առաջանալ: Որ բնության ու մարդու հանդեպ փոքր ինչ մարդկային վերաբերմունքի պայմաններում այստեղ կարելի է դրախտավայր ստեղծել նաև մարդու բնակության ու գործունեության համար: Ցավոք, այլ է իրականությունը: Գյուղի Տոնաշեն անունը այլևս դառը հեգնանքի նման է հնչում: Այն թերբնակեցված ու անբարեկարգ մի գյուղ է, որն ազատագրումից մինչ օրս աղքատ ազգականի նման կիսալքված և գրեթե մոռացված վիճակում է ու թերևս գոյատևում է զորամասի հաշվին:
Դժվար է ասել, թե որքան են, բայց անշուշտ կան նաև նրանք, որ արցախյան հերոսամարտի օրհասական պահին ընդամենը դպրոցահասակ պատանիներ էին, բայց որսորդական զենքերով կանգնեցին քանակով ու զինվածությամբ անհամեմատելի գերազանցություն ունեցող թշնամու դիմաց ու կոչվեցին «եղնիկներ»… Այլևս ավանդույթի վերածված տեսակետի համաձայն, այս անվանումն ընտրվել է տարածքում եղնիկների առկայության և տղաների մատաղ, պատանի, անմեղ լինելու պատճառով:  Իսկ հիմա  տղաներն առնական են (համենայն դեպս այդպես երևաց): Իմ այցելությունից հետո հասկաց միայն այն, որ   անապահով ու խեղճ ընտանիքի երեխան գիտի, որ ինքը դատապարտված է հայտնվելու այդտեղ: Չկան աշխարհի հետ հաղորդակցվելու, ինֆորմացիա ու գիտելիք ձեռք բերելու տարրական հնարավորություններ: Այդպիսի իրավիճակում երկար ժամանակ գտնված զինվորը, սպան մտքով և հոգեպես խեղճանում է: Չեն ծառայում: Վերջին տարիներին կիրառվող վիճակահանության «թափանցիկ» համակարգը նախարարների ու գլխավոր շտաբի պետերի, բարձրաստիճան զինվորականների որդիներից  ոչ մեկին այդտեղ չի ուղարկում:
Մարտակերտի ազատագրված տարածքներում և հատկապես` Տոնաշենում ու այնտեղ տեղակայված զորամասում պարզ երևում է անտեսվածությունը, մոռացվածությունը, լքվածությունը, նեղացածությունը, չարությունը, դաժանությունը, անհանդուրժողականությունը: Եվ այդ ամենի մեջ միշտ անխոս, բայց այնտեղ գտնվող համարյա յուրաքանչյուրի աչքերից ու հայացքից հասկանում ես հարցը` «իսկ ինչո՞ւ ես»: Նշված զորամասի ժամկետային զինծառայող հետախույզ Ա. Ա.-ի խոսքերով  իրենք այստեղ ապահով են, միայն հասարակության ուշադրության պակաս է զգացվում. «Մեզ անդրադառնում են հիմնականում այն ժամանակ, երբ միջադեպ է տեղի ունենում, արտակարգ պատահար: Ինչու՞ ենք այստեղ հազվադեպ քաղաքացիական հագուստով մարդկանց տեսնում, ինչու՞ մեր զորամաս ձեր նշած բանակ-հասարակություն կապը ամրապնդող այդ նույն  նախաձեռնությունները չեն իրականացվում: Մի օր մայրս հարցրեց, թե ինչու եմ այդքան ուրախ,  պատասխանեցի, որ քաղաքացիական շորերով մարդու ենք տեսել»,- ասաց Ա.Ա-ն:
Այս ամենին սակայն կցանկանայի ավելացնել, որ «Զինուժը» երբեմն անդրադառնում է Տոնաշեն գյուղում տեղակայված թիվ N զորամասին, ներկայացնում բանակային առօրյան, պատրաստում զինծառայողների դիմանկարներ:  2012թ հունվարի 19-ին այցելեցի Նոյեմբերյանի Կողբ գյուղում տեղակայված  N զորամաս: Կողբեցիների հետ ունեցածս զրույցից պարզ դարձավ, որ իրենք անհաղթ են, պաշտպանված  և հոգեբանորեն հաղթանակած, քանի որ իրենց թիկունքը  մի ամբողջ զորամաս է պաշտպանում: Թեև կողբեցիներից յուրաքանչյուրը սահմանապահ է:  Սահմանամերձ գյուղերում բոլորն են սահմանապահ` մեծից փոքր: Նրանց համար պատերազմը դեռ չի ավարտվել: Ամեն վայրկյան ծեր ու մանուկ հսկում են հայոց երկրի սահմանները:  Այստեղ ամենապատվաբեր մասնագիտությունը զինվոր դառնալն է: «Բանակը մեր հույսն ու հավատն է, շնորհակալ ենք մեր սահմանապահներին», - շատ մեծ ոգևորությամբ ասաց Համլետ պապիկը:

Комментариев нет:

Отправить комментарий