воскресенье, 15 сентября 2013 г.

«...Մենք էստեղ ամուր ենք կանգնած»

Մեր նախատեսած ծրագիրն անընդհատ խառնվում էր: Սկզբից էլ գիտեինք, Դավիթն ասում էր, թե սա այն դեպքերից է, երբ ամեն ինչ պլանավորում ես, բայց տեղում ամենը կարող է փոխվել... Բայց բոլորս էլ վստահ էինք, որ ցանկացած փոփոխության դեպքում, միևնույն է, մենք մեր պլանավորածը կանենք... Ներքին համոզմունք կար, ներքին վստահություն և պարզվեց, որ մենք չէինք սխալվում...
Բայց, սկսեմ սկզբից...
Եղբայրներս, Արտակն ու Հարությունը ծառայում են Հայոց Բանակում' պահելով ամենադժվար ու կարևոր կետերից մեկը' Մռավը... Այո, երկուսն էլ ծառայում են ոմանց մոտ վատ համբավ ունեցող «Եղնիկներ»-ում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ եղբայրս ասաց, թե իրենց գումարտակում գրականության պակաս կա, մինչդեռ տղերքի մոտ գիրք կարդալու մեծ պահանջ կա... Խոստացա, որ գրադարանը կհարստացնենք... Դա մի քանի ամիս առաջ էր...
Գրադարանը հարստացնելու գաղափարի մասին կիսվեցի ընկերներիս հետ և լծվեցինք գործին: Ինչպես և սպասում էի' արձագանքները շատ էին, միացողները նույնպես, և գրադարանը հարստացնելը դարձավ «Եղնիկներ» այցելության մի մեծ ծրագիր, որի ընթացքում պետք է զորամասում անց կացնեինք նաև հայագիտական սեմինարներ' ազգային արժեքների, ազգային խաղերի, ազգային պարերի թեմաներով, ինչպես նաև ազգային խաղերի և պարերի ուսուցման պրակտիկ փուլ:
Ծրագրին մեծ սիրով միացավ նաև պատերազմի տարիներին առաջին հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար' Վովա Վարդանովը, ով նույնպես դասախոսություններ կարդաց: Գաղափարը, մեծ հավանության արժանացրեցին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում և պատրաստակամորեն օգնեցին:
Հավաքել էինք մոտ 300 կտոր գիրք, իսկ նախաձեռնությանը միացած մեր ընկերների շնորհիվ մեր հետ տանում էինք նաև երկու DVD player, դինամիկներ (նախապես որոշված հեռուստացույցը, որոշեցինք փոխարինել դինամիկներով, բարձրախոսով և DVD Player-ով, քանի որ զորամասում արդեն իսկ կար որակով հեռուստացույց), բազմաթիվ հայագիտական նյութեր, խտասխավառակներ' ազգային, հայրենասիրական, ճանաչողական, ուսուցողական ֆիլմերով և տարբեր երաժշտություններով:
«Խոչընդոտները» սկսվեցին հենց սկզբից: Պարզվեց, որ մեքենայի թափքում նախատեսվածից շատ բեռ էինք դրել և դժվար պիտի լիներ ճանապարհը, բայց որոշեցինք, ամեն գնով տեղ հասցնել տղերքի համար հավաքած բոլոր գրքերը:
Ճանապարհին կանգ առանք Գորիսում' հանգստանալու և ճաշելու, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Մեզ հետ էր նաև Արցախից' «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Սարումյանը. ինչպես Վովա Վարդանովը նրա մասին արտահայտվեց' Արցախյան Ինտելիգենցիայի ներկայացուցիչ, մի հրաշալի և արցախցուն վայել հյուրասիրությամբ անձնավորություն' ով էլ այդ օրը մեզ ընդունեց Արցախում:
Առավոտյան ներկայանալով Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանին, նրան ներկայացնելով մեր նախատեսած ծրագիրը' շարժվեցինք Մարտակերտ' դիվիզիայի շտաբ, որտեղից էլ պետք է շարժվեինք արդեն «Եղնիկներ» զորամաս:
Երբ տեղ հասանք, արդեն մութն ընկել էր: Ներկայացանք տեղի հրամանատարական կազմին, իջեցրեցինք և տեղավորեցինք մեր բերածը և, ընթրելուց հետո, պառկեցինք քնելու:
Առավոտյան տեղացող անձրևը հերթական անգամ փոխեց մեր պլանները: Բայց մենք, ինչպես արդեն նշել էի, վստահ էինք, թե պիտի իրագործենք մեր ամբողջ ծրագիրը և լծվեցինք գործին: Շուրջ երկու ժամ զինվորների հետ զրույցներից հետո, շարժվեցինք հենակետեր, որոնցից մեկում այդ պահին մարտական հերթափոխն էր իրականացնում եղբյարս' Արտակը (Ով, ի դեպ, ծառայում էր շտաբում և մի քանի ամիս առաջ, սեփական դիմումի համաձայն է տեղափոխվել սահման' պատճառաբանելով, թե իսկական զինվորը պիտի սահման պահի):
Դժվար է նկարագրել այն ապրումները, երբ սահմանին մարտական հերթափոխն իրականացնելիս հանդիպում ես կրտսեր եղբորդ, ով քեզ դիմավորում է հայ տղամարդուն և հայ զինվորին վայել լրջությամբ' առանց ավելորդ հուզմունքների: Պարզ ձեռքսեղմումն ու եղբայրական ողջագուրումը վստահությունն են ամրապնդում, և մի զգացողություն ես ունենում այդ պահին' մեր դիրքերն ամուր են և հուսալի պաշտպանված: 15-20 րոպե զրուցելուց և Գյուլիստանի մեր տարածքները հենակետից զննելուց հետո վերադարձանք գումարտակ, որտեղ, չնայած տեղացած անձրևին, այնուամենայնիվ իրականացրինք ազգային պարի դասընթացը:
Պետք էր տեսնել հայ զինվորների ոգևորությունն այդ պահին' երբ ուս-ուսի կպած' Սասնա քոչարին էին պարում: Դժվար է նկարագրել այն ապրումները, այն պատվի զգացողությունը, որն ունենում ես սահման պահող հայ զինվորի հետ ուս-ուսի տված Սասնա քոչարին պարելիս, դրանք պատմել չի լինի... դա յուրաքանչյուր ոք պետք է ապրի...
Պարի դասընթացն ավարտելուց հետո' միացանք գնդապետ Աշոտ Աղաջանյանին, ով արդեն մեզ էր սպասում:
Մեծ պատիվ էր մեզ համար սեղան նստել մի մարդու հետ, ով Արցախյան պատերազմին կորցրել էր չորս եղբայրներին և հորեղբորը և հիմա, զինվորական ծառայության մեջ գտնվելով, հայրենասերի և հայ մարդու օրինակ է ծառայում յուրաքանչյուր հայի: Զորամասի դիրքի և կարևորության տեսանկյունից սպաների մեծամասնությունը ամսվա մեջ հիմնականում գտնվում են զորամասում: Զորամասի գումարտակներից մեկի հրամանատարը, ում զինվորները «կամբատ» էին կոչում, 14 տարուց ի վեր այդտեղ է: «Եղնիկներ»-ը նրա նոր տունն է, որտեղ բնակվում է սահմանից այն կողմ մնացած իր հայրենի գյուղ' Վերինշենը կորցնելուց հետո: Ամեն Աստծո օր սահմանից նայելով հայրենի գյուղին' սպասում է այն օրվան, երբ այն ազատագրելու հրաման կստանա...
Պետք էր տեսնել ինչպիսի ջերմությամբ են նրան ընդունում զինվորները:
Ընդհանրապես, մթնոլորտը զորամասում մեզ շատ գոհացրեց: Բնության մեջ, անտառով և լեռներով շրջապատված այդ զորամասում' բնության օրեքներն են գերիշխում, և պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ է, ինչ զորամասում հիվանդ զինվոր չկա: Մեզ համար էլ կարճ էր թվում մեր այցելությունը: Եթե Երևանում ունեցած որոշ աշխատանքային պայմանավորվածությունները չլինեին, մեծ սիրով կմնայինք այնտեղ բավականին երկար ժամանակ: Իմիջիայլոց, նախատեսել էինք գիշերն անց կացնել հենակետում, ինչը մեր ծրագրի' պարերի դասընթացը չհասցնելու պատճառով' հետաձգեցինք հաջոդ անգամվան: Թերևս, մյուս անգամ այցելենք զորամաս' առնվազն մեկ շաբաթ մնալու ծրագրով:
Տպավորություններս միայն դրական են և այնքան շատ, որ չգիտեմ ինչը ներկայացնեմ, ինչը թողնեմ, այլապես ամբողջը գրելու համար, մի գրքույկ կարելի էր կազմել: Բայց մի բան կար' որի մասին չեմ կարող չգրել...
Զորամաս բարձրանալիս անցնում էինք Տոնաշեն գյուղի մոտով, որտեղ շինարարություն էր ընթանում: Շատերի կողմից “աշխարհի ծայր” ընկալվող այդ տեղանքում' բանակը սպաների համար տներ է կառուցում: Կանգ առանք. երբ մտանք տներից մեկը' շինարարական աշխատանքներին ծանոթանալու, ի զարմանս մեզ, տան 3 սենյակներում պատերի և առաստաղի արանքում ծիծեռնակի բներ էին:
Վարպետը բացատրեց, որ տան շինարարության ընթացքում ծիծեռնակն էր բուն դրել , և բնում ձու կար: Ասած, թե ոչ-ոք չկարողացավ քանդել այդ բունը, և տան պատն ու առաստաղի այդ հատվածը հարմարեցրին այնպես, որ բունը մնա տան մեջ: Վարպետն ասած.
-Հայ մարդը տուն քանդող չէ, տուն սարքող է... և անգամ ծիծեռնակի բույն չի կարողանում քանդել հայը' իր տունը կառուցելու համար:
Մարդ փշաքաղվում է միայն այս մասին մտածելիս... Ահա' Հայ Մարդու կերպարը... Մինչ ոմանք իրենց տաքուկ սենյակներում զբաղված են «երկիրը երկիր չի», «թողնենք գնանք էս երկրից», «բանակը բանակ չի» և այլ նման հիմարություններ դուրս տալով, Հայ Մարդը' Հայոց ազատագրված հողում տուն է կառուցում և սահման պահում...
Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուր ոք իր աչքով տեսներ այդ ամենը: Թերևս խելքի գային ոմանք, և Ազգի, Հայրենիքի, Բանակի և Հայ Մարդու մասին արտահայտվելիս' մի փոքր ավելի զուսպ կլինեին...
Բանակը վարկաբեկող ոմանք, պետք է իրենց աչքով տեսնեին հայ զինվորին, ով սահման պահելուց զատ, ազատ ժամանակ խաչքար է քանդակում և զբաղվում ստեղծագործ աշխատանքով: Մորաքրոջս տղան' Հարությունը, ով նույնպես ծառայում է «Եղնիկներ»-ում, մի քանի խաչքար, Եսայի Հասան-Ջալալյանի կիսանդրին քանդակելուց հետո, հիմա էլ քանդակում է Շահեն Մեղրյանի կիսանդրին, մարդու' ում անունն արյամբ է կապված այդ տեղանքի հետ:
Այո, ինչպես Զորավար Անդրանիկն էր պատգամել' «Մեր զինվորները հարկ չէ որ հայհոյեն, ինչպէս հակառակորդը, այլ հարկ է, որ մեր զինվորները երգեն ու կռուեն»:
Ճիշտ այդպես' հայ զինվորը ստեղծագործ զինվոր է...
Գիշերով ճամփա ընկանք Ստեփանակերտ...
Առավոտյան հանդիպեցինք Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին, որտեղ մեզ սպասում էր հերթական անակնկալը: Հենց իրենից իմացանք, որ ստորագրել է զինծառայողների ծնողներին ընդունման կարգի վերաբերյալ նոր հրաման, որի համաձայն' զինծառայողների ծնողները կարող են այցելել զորամաս, անձամբ տեսնել իրենց որդու ծառայության ընթացքը տվյալ պահին, մինչև անգամ հայրերը կարող են գիշերն անց կացնել որդու հետ' հենակետում: Կարծում եմ' հրաշալի նախաձեռնություն է: Կես կատակ-կես լուրջ պիտի նշեմ, որ այս նախագծի շնորհիվ, չի բացառվում, որ բանակի թիվը կկրկնապատկվի' շնորհիվ զինվորների հայրերի: Հրաժեշտ տալով նախարարին' ճանապարհվեցինք Գորիս, որից հետո' Երևան...
Երբ գնդապետ Աղաջանյանի հետ սեղան էինք նստած, մի բան նշեցինք. անկախ ամեն ինչից, հասարակությունը կանգնած է բանակի կողքին և սիրում է իր պաշտպաններին: Դրա վառ վկայությունն է այն բուռն արձագանքը, որը գտավ մեր նախաձեռնությունը. ավելի պարզ լինելու համար, պարզապես նշեմ այն մարդկանց, ովքեր մասնակցել և աջակցել էին նախագծին.
«Երևանի քաղաքապետին կից' քաղաքաշինության երիտասարդական խորհուրդ»-ի և «ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ-ի «Գրքի Բանկ» նախաձեռնություն, որի շնորհիվ, փաստորեն, մեր քաղաքացիները նույնպես մաս կազմեցին այս նախագծին (մոտ 200 գիրք)
Կարեն Վրթանեսյան «Զորակն» հիմնադրամ (մոտ 20 գիրք)
Երևանի պետական բժշկական հալասարանի ուսանողական խորհրդի նախագահ' Կարեն Ակոպյան (մոտ 40 նպատակային գնված գրքեր)
Ռոբերտ Մաղաքյան' գրքավաճառ (իր կողմից' մոտ 50 գիրք)
Մուշեղ Լալայան-(մոտ 20 գիրք)
Արամ Տոնոյան' արյունաբան, Դավիթ Ջամալյան'պաշտպանության նախարարի խորհրդական- Դինամիկներ, DVD:
Գրիգոր Բաբուրյան- DVD
Արթուր Հարությունյան, Դավիթ Դանիելյան, Ռաֆայել Եսայան, Ռազմիկ Գրիգորյան, Արտավազդ Եղոյան, Դավիթ Պարյան- DVD խտասկավառակներ' ազգային, հայագիտական, պատմաճանաչողական ֆիլմեր և հաղորդումներ, ազգային, ռազմահայրենասիրական երգեր և պարեղանակներ:
Վարդան Ավետիսյան - ՊՆ Տև ՀԿ վարչության պետ,
Դավիթ Ջամալյան – ՊՆ խորհրդական

Վանիկ Մինասյան – գնդապետ,
Նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն հայտնեցին շատ շատերը, մոտ 200 գիրք պատրաստ էին տրամադրել Սմբատ Ղահրամանյանը և ուրիշներ, սակայն դա որոշեցինք թողնել հաջորդ անգամվան, քանի որ մեր այցելությունները Հայոց Բանակի զորամասեր կկրեն շարունակական բնույթ:
Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ
Հ.Գ.
Ետ դառնալիս, երբ խոսում էինք թե պետք է կիսվեմ տպավորություններովս, ընկերս' Դավիթ Պարյանը, խնդրեց նշեմ հետևյալը. զորամաս մեկնելուց առաջ, կային և այնպիսիք, ովքեր, իմանալով, որ «Եղնիկներ» ենք ուղևորվում, այսպես էին արտահայտվել. «Ապեր էդ վատ տեղը՞, էդ աշխարհի ծերն ա, գնալու եք մանթո ընկնեք... »... Հատուկ այդ մարդկանց համար ասում ենք.
-Գնացինք էդ «վատ» տեղը... կարգին տեղ էր, էնպիսի տեղ, որ մարդ չի էլ ուզում հետ գա... մանթո ընկան, բայց բոլոր չուզողներն ու սահմանից այն կողմ կանգնածները... Հավանաբար գուշակել էին, որ հենակետից Գյուլիստանը դիտելիս քննարկում էինք, թե ազատագրելուց հետո որտե՞ղ պետք է որսի խորոված ուտենք' Գյուլիստանի Բերդի՞, թե՞ Մինգեչաուրի մոտ:
Վերջում կցանկանայի զինվորների շնորհակալությունն ու խոսքը փոխանցել մեր հայրենակիցներին.
«Մենք էստեղ ամուր ենք կանգնած, պինդ կացեք, բայց ամեն անգամ բանակի' մեր հասցեին մի վատ բան լսելիս, ամեն անգամ մեր երկրի հասցեին փնովանք լսելիս, հայ աղջկան, հայ տղային ոչ վայել պահվածքի մասին ինչ-որ մի լուր լսելիս' սիրտներս ճմլվում է և կարծես մեջքից հարված լինի մեզ... Ամեն անգամ, բանակի հասցեին, ազգի, պետության հասցեին արտահայտվելիս, ամեն մի քայլ անելիս' միշտ հիշեք, որ դա ուղղակիորեն անդրադառնում է մեր վրա, և գոնե ձեր իսկ անվտանգության համար խոցելի մի դարձրեք մեր թիկունքը... իսկ առաջնագծում մենք ամուր ենք կանգնած' Մռավի պես և սպասում ենք մեզնից բռնագրավված տարածքներն ազատագրելու հրամանին, դրանում վստահ եղեք... »
Աղբյուրը` Times.am

Комментариев нет:

Отправить комментарий