понедельник, 17 июня 2013 г.

"Եղնիկները" հավաքվել են հիշելու իրենց հրամանատար Շահեն Մեղրյանին

20 տարի առաջ ապրիլի 17-ին ադրբեջանցիները խփեցին Շահումյանից Հայաստան թռչող ուղղաթիռը: Ուղղաթիռում էր Շահումյանի ազատագրման համար պայքարող պարտիզանական "Եղնիկներ" ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը` մարտական 7 ընկերների հետ:
Սա ծանր կորուստ էր զինվորների համար: Չընկրկելու ու համառության օրինակ էր Շահեն Մեղրյանը` իսկական առաջնորդ, ով միշտ քայլում էր զորքի առջեւից եւ ում համար կարեւոր էր ամեն մի զինվորը:
Այսօր ընկերները հիշել են հրամատանարին, հույս հայտնել` ավարտին հասցնել նրա կիսատ թողած առաքելությունը:
Շահումյանի շրջանը 1992-ի հունիսին հայաթափվում էր: Ադրբեջանական բանակի հարձակմանը Շահումյանում երկար չկարողացան դիմակայել: Մի կողմից հայկական ուժերը ստիպված էին թողնել պաշտպանական դիրքերը եւ ապահովել խաղաղ բնակչության արտագաղթը, մյուս կողմից թշնամու թիկունքում ձեւավորվում էր գաղտնի պարտիզանական ջոկատ: Դաշնակցության նախաձեռնությամբ եւ Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ` սկզբում 25 տղաներով թշնամու համար դարձան իսկական պատուհաս: Ռազմական գործողությունների ժամանակ մեկ էլ պարզվում էր` "Եղնիկները" թիկունքից հարվածում են:
Իսկ "Եղնիկներ" կոչեցին նրանց, որովհետեւ կռիվներում հայտնվում էին արագ ու աննկատ, մագլցում էին սարերը ու ազդարարում, որ տեղում են։ Անտառում, թշնամիներով շրջապատված, միակ ելքը օդային էր` ուղղաթիռով: Դժվարություններից զինվորները չէին ընկրկում: Ուժ էր տալիս նպատակը, որի համար զենք էին վերցրել:
"Դժվարությունները մարդկային առումով անասելի էին, որովհետեւ առավել եւս Շահումյանի շրջանում, երբ շրջապատված ես թշնամական զորքերով, հայրենիքի հետ կապը միայն ուղղաթիռով էր: Բայց այդ մարտական ոգին, հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի գիտակցումը, անձնազոհության գիտակցումը, հայրենիքի, ընկերների, այդ դժվարություններն արդեն երկրորդական պլան էին մղվում",- պատմեց մարտական ընկեր Արամայիս Մխիթարյանը։ 

Շահեն Մեղրյանի զոհվելու օրից 20 տարի է անցել: Շահումյանցիները, "Եղնիկների" տղաները հավաքվել են հիշելու հրամանատարին, իրենց կյանքի դժվարին, բայց կարեւոր տարիները:
Ալեքսանդր Կուրեպինն արցախյան պատերազմին մասնակցել է նախ Մոնթե Մելքոնյանի ջոկատի կազմում, իսկ 92-ի դեկտեմբերին Շահեն Մեղրյանը նրան իր ջոկատ է հրավիրել: Կուրեպինը բազմաթիվ կոչումներ ու պարգեւներ ունի, բայց ասում է` ամենաարժեքավորը Շահենի տվածն է, երբ ինձ "եղբայր" անվանեց:

"Ռազմական գործողության ժամանակ Շահենը կորցրել է 20 զինվոր: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում այդպիսի մինիմալ կորուստներ չէր ունեցել ոչ մի ստորաբաժանում կամ զորամաս: Պատճառն այն էր, որ Շահենը գնահատում էր ամեն մի զինվորի կյանքը: Նրա խոսքերն եմ կրկնում. "Ես ավելի լավ է չկորցնեմ մի զինվոր, քան Ադրբեջանը կորցնի 100-ին": Մարդկանց նկատմամաբ վերաբերմունքը, սա էր կարեւորը",- ասաց Ալեքսանդր Կուրեպինը։ 

Շահեն Մեղրյանն իր կողքին` ռմբակոծությունների գոտում էր պահում ընտանիքը, մանկահասակ 3 երեխաներին, որպեսզի մյուսներն էլ մնային ու դիմադրեին: Գյուլիստանի ջոկատի հրամանատարը եղբայրն էր` Պողոս Մեղրյանը: Թերեւս միայն ազգանունների նույնությունն էր հուշում նրանց բարեկամության մասին: Մարտի դաշտում հրամանատարի համար բոլորը հավասար էին:

"Ինքն իր զինվորների մեջ հարազատ կամ բարեկամ, հայաստանցի կամ շահումյանցի չէր տարբերում, բոլորն էլ իր զինվորներն էին, իր էրեխեքն էին, ամեն ինչ հավասարաչափ էր անում",- հիշում է Պողոս Մեղրյանը:

Շահենի անմիջական մասնակցությամբ 1993-ի ապրիլին ազատագրվեց նրա ծննդավայր Գյուլիստանը: Շահումյանի վերջնական ազատագրումն ավելին քան իրական էր թվում: Հարցը որոշակիացնելու եւ զինամթերք բերելու համար Շահեն Մեղրյանն ուղղաթիռով Հայաստան էր շտապում: Սակայն ընկերների աչքի առաջ ուղղաթիռը խփվեց: Զոհվեցին նաեւ մարտական ընկերները, ուղղաթիռի անձնակազմը:
Հրամանատարի մահը զինվորների ուժը թուլացրեց, հուսահատվեցին, Գյուլիստանը նորից անցավ ադրբեջանցիներին: Ընկերներն ասում են` եթե Մեղրյանը չզոհվեր, Շահումյանն այսօր նորից հայաբնակ կլիներ: Բայց հավատում են նաեւ "Եղնիկներ" անունը կրող այն զինվորների ուժին, որոնք այսօր կանգնած են Արցախի հյուսիսային սահմանին:


Աղբյուրը` Երկիր Մեդիա

Комментариев нет:

Отправить комментарий