воскресенье, 12 мая 2013 г.

Մկրտություն` Գյուլիստանի բարձունքներում


ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տարածքում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Զորամասի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Շուշիի ազատագրման տոնին ընդառաջ՝ Մարտակերտի տարածաշրջանի՝ 17-րդ դարի եկեղեցում, օծման և մկրտության արարողություններ են կատարվել:



«Սուրբ Ամենափրկիչը, որ տեղացիներին հայտնի է Նապատ անվամբ, գտնվում է Գյուլիստանի բարձունքներում, Մռավ լեռան փեշին: Հավանաբար ժամանակին կոչվել է Հնապատ կամ Անապատ, հստակ հատնի չէ»,-ասաց նա, պատմեց, ինչպես է կրտսեր սերժանտ Հարություն Համբարձումյանը դիմել իրեն` վանքում մկրտվելու խնդրանքով: Նորանշանակ սարկավագը զինվորին հուսադրող պատասխան է տվել, թեև ծանոթ չի եղել Նապատ վանքին և չի իմացել` հնարավո՞ր է այնտեղ մկրտություն կազմակերպել, թե` ոչ: Այցելել է վանք, պարզել է, որ երբեմնի հոգևոր կենտրոնում Սուրբ սեղան չկա: Հարությունն առաջարկել է եկեղեցու խորանի համար Սուրբ Սեղան պատրաստել: Գանձասարի նշանավոր կաթողիկոս, հայ ազատագրական շարժման հիմնադիր Եսայի Հասան-Ջալայանին նվիրված հուշարձան Արցախում չկա: Հարությունն իր նախաձեռնությամբ քանդակել է նաև Եսայի Հասան-Ջալայանի կիսանդրին: Եվ արդեն մայիսի 7-ին տեղի է ունեցել Սուրբ սեղանի օծման, Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի կիսանդրու բացման արարողությունները: Նույն օրը նաև յոթ զինվոր են մկրտվել Սուրբ Ամենափրկչում: Օծման արարողությունները կատարվել է ձեռամբ ՀՀԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Վոլոդյա սարկավագն ասում է, որ օրը պատահական չի ընտրված, մայիսի 7-ին է կազմակերպվել Շուշիի օպերացիան: Ի դեպ, սարկավագը Հարությունի կնքահայրն է դարձել, նա զինվորին Եսայի անունն է տվել:
Զորմասի հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Շահեն Մեղրյանի հուշարձանի ստեղծումը Հարություն Համբարձումյանի հաջորդ քայլն է:
«Նա տաղանդավոր զինվոր է, կրթված, բազմակողմանի զարգացած ու հայրենասեր: Ծառայում է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանության բանակի թերևս ամենաբարդ տեղանքում,- ասաց Վոլոդյա սարկավագը:-Մենք առաջարկեցինք նրան գումարտակից տեղափոխվել զորամաս, բայց հրաժարվեց` ասելով, որ պետք է մարտական դիրք պահի և ամենադժվար դիրքը: Նույնն ասաց նրա հայրը` իմ տղային ուղարկել եմ ոչ թե հանգստանալու, այլ ծառայելու, նա պետք է հայոց սահմանը անառիկ պահի»:
Զորամասի սարկավագի համոզմամբ` եթե հինգ զինվորից մեկն լիներ այնքան հայրենասեր, որքան Հարությունն է, մենք ոչ մի խնդիր չէինք ունենա, որովհետև այդ մեկ զինվորը օրինակ էր լինելու մյուս չորսի համար:
Միջոցառման կայացման համար Վոլոդյա սարկավագը շնորհակալություն հայտնեց զորմասի հրամանատար գնդապետ Աշոտ Աղաջանյանին, Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արարատ Քյոխյանին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու համայնքին, մասնավորապես` արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանին: Առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, ով սիրով համաձայնվեց օծման արարողությունը կատարել, ՀՀԶՈՒ Հոգևոր փոխառաջնորդ Հայր Մովսեսին և Պաշտպանության Բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագին:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հարություն Համբարձումյանին պարգևատրել է «Ծովակալ Իսակովի» անվան մեդալով:



Աղբյուրը`  Իրատես.am 

Комментариев нет:

Отправить комментарий