среда, 20 марта 2013 г.

Հայոց հինավուրց երկրի քաջ Զինվորին



Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր
Ուշ գիշեր է։ Քունս չի տանում. աստղերն ու ես միշտ խոսում ենք իրար հետ. ես նրանց պատմում եմ իմ մասին, իմ երազանքների ու խոհերի մասին։ Բայց այսօր նրանք տխուր են, չեն ժպտում ինձ։ Ի՞նչ է պատահել։ Հիշեցի հայրիկիս սեղանի վրա դրված նամակը։ Նա բանակում ծառայելու առաջին օրերին գնացել է օգնելու երկրաշարժի զոհերին։ Փլատակների տակից փրկել ու հանել է շատ աշակերտների ու դպրոցական սեղանի վրայից վերցրել այս նամակը.


-Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր։
Հավատում եմ քեզ, որ ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ, հիվանդ թե առողջ կանգնած ես պատրաստ, կանգնած ես հեռվում՝ լեռան ձյունոտ լանջին, թաց խրամատում։ 
Դու թողել ես տանը քրոջդ, մայրիկիդ, տատիկիդ, որոնք հանգիստ ապրում են, աշխատում, իսկ ես ու իմ դասարանցիները՝ սովորում։ Ես հանգիստ եմ ու խաղաղ, որովհետև գիտեմ, որ սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, հարազատ մարդկանց ձեռքերում...
...Նամակը կիսատ է մնացել, զինվո՛ր։ Ո՞վ է հեղինակը, զինվո՛ր։ Այդ օրվանից անցել են տարիներ, ու հայրիկս պահել է նամակը։ Չգիտեմ՝ ինչու։ Բայց ես ուզում եմ շարունակել, որ կիսատ չմնա նամակը, տեղ հասնի, չեմ ուզում, որ այսպիսի նամակները հասցե չունենան. չէ՞ որ այն օրերի զինվորներն այսօրվա մեր հայրիկներն են....

-Այս նամակը, սիրելի՛ զինվոր, գրում եմ ուշ գիշերին։ Ցուրտ գիշեր է։ Գիտեմ՝ դու քնած չես, որովհետև քո աչքերը հսկում են նենգ հարևանի սահմանները։ Գիտեմ, որ չես վախենում, որովհետև դու որդին ես Արցախյան կռվի հաղթողների, թուրք-թաթարական, մողոլ-թաթարական, պարսկական-արաբական կռվում հաղթող հայ քաջորդու։
Սիրելի՛ զինվոր, գիշերվա այս ժամին խրամատում կամ սահմանում կանգնած, ի՞նչ ես մտածում, ի՞նչ գույն ունեն քո աչքերը, ունեցա՞ր ժամանակ նոր տարվա կենաց խմելու կամ բաժակ բարձրացնելու։ Ի՞նչ երազանք ունես։
Սիրելի՛ զինվոր, չտարվես մտքերով ու երազանքներով, որ չար թշնամու նենգ գնդակը չգտնի քեզ...
...Քանի որ հասցեդ չգիտեմ, զինվո՛ր, որոշեցի հասցեդ այսպես գրել։
Հայոց հինավուրց երկրի քաջ Զինվորին։
Աղբյուրը`  Մեր բանակը

Комментариев нет:

Отправить комментарий