воскресенье, 3 марта 2013 г.

Դու, որ բոլորին պաշտպանելով` ինձ անպաշտպան ես թողել, հայրենիքիդ սյունն ամրացնելով` քո տան սյունը կիսաքանդ ես թողել

Լուսանկարը` Hayzinvor.am կայքից

«Հավատում եմ քեզ, զինվո՛ր»
Հավատում եմ քեզ, զինվո՛ր, քանի որ քո շունչը մանկուց եմ զգացել, բայց քեզ հետ համընթաց քայլել երբեք չեմ կարողացել, քանզի հայրենիքի պաշտպանությունը դու կյանքիցդ վեր ես դասել:

Խոսքերս քեզ են ուղղված, հա՛յր, դու, որ բոլորին պաշտպանելով` ինձ անպաշտպան ես թողել, հայրենիքիդ սյունն ամրացնելով` քո տան սյունը կիսաքանդ ես թողել: Տուն, որտեղ մինչ օրս կարոտով սպասում եմ քեզ, որ ասեմ, թե ինչ դժվար է առանց քեզ, թե որքան եմ կարոտում խրատներդ, ժպիտդ, աչքերդ` բարի եւ գուրգուրանքդ` ջերմ:

Քո անունն ու կարոտը հոմանիշներ են դարձել եւ իմ հոգում խորը արմատներ են գցել: Հոգի, որն ուզում է կուչ գալ քո տաքուկ գրկում եւ իրեն պաշտպանված զգա, ինչպես մանուկ հասակում: Ես այսօր հպարտանում եմ իմ զոհված հերոս հորով, բայց սիրելի իմ քաղցր հայր, ես կարոտում եմ քեզ…

Քայլերս նորից ինձ բերում են քեզ մոտ, ո՛վ զինվոր հայոց: Ես մոտենում եմ քեզ ու համբուրում, իսկ դու անտարբեր ես, խոսում եմ քեզ հետ, իսկ դու նորից լուռ ես, կարոտով փարվում եմ քեզ, իսկ քո շիրիմը սառն է ու լուռ, կարոտն ու արցունքները խեղդում են ինձ, իսկ ներսումս հոգիս է այրվում: Դու զինվորական համազգեստով հպարտ կանգնած ես, քո բարի աչքերով հիշեցնում ես, որ ես մենակ չեմ, որ դու ինձ հետ ես, որ դու գնացիր հանուն մի մեծ գործի, որը դեռ նոր էր ծիլեր տալիս: Եվ ես պիտի ասեմ, որ հավատում եմ այսօրվա զինվորին, որ նրանք եւ՛ կարող են, եւ՛ պարտավոր են, եւ՛ պիտի շարունակեն ձեր գործը:
Մեծ գործ, որի հիմնադիրներն ընկան, ընկան կեսճանապարհին` դնելով հիմքը հայոց բանակի:
Գիտեմ, հա՛յր, գործդ անավարտ ես թողել, բայց կարող ես հանգիստ լինել, քանի որ քո գործն արդեն որդիդ է շարունակում: Վստահ եղիր, քանզի ձեր դրած ամուր հիմքերի վրա բարձրանում է մեր ազգի ամրոցը՝ Հայոց բանակը:
Ես հավատում եմ քեզ, քաջարի՛ զինվոր:
Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք մեր ընկած քաջերին եւ կրկնակի փա՛ռք նրանց հիշատակը վառ պահողներին ու նրանց գործը շարունակողներին:
Իսկ ես, համբուրելով քո սառը շիրմաքարը, գիտեմ, որ այսուհետ ինձ չեմ զգա անպաշտպան ու մենակ, քանի որ քո ժառանգները` մեր զինվորները, կլինեն ինձ պաշտպան, քանզի ես հավատում եմ նրանց բազկի ուժին:
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

XI դասարանի աշակերտուհի (Զոհված ազատամարտիկ՝ Նիկոլայ Ավետիսյանի դուստր)  



Շարադրությունը հրապարակվել է "Հայ զինվոր" շաբաթերթում 2011թ.-ին, աղբյուրը` Hayzinvor.am

Комментариев нет:

Отправить комментарий